Գթության քույրեր. Մուրացան

Գթության քույրեր - Մուրացան


Скачать книгу
եմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ: Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից: Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով:

      Երբ սովորական հարց ու պատասխանից պարզվեցավ, որ երեքս էլ գնում ենք Վարշավ, ուրեմն և երկար պիտի ուղեկցենք իրար, լեհացին դառնալով ընկերին` ասաց.

      – Այժմ կարող ես պատմությունդ շարունակել, մեզ ոչինչ այլևս չէ խանգարելու:

      – Իսկապես, շարունակելու շատ բան չէ մնում, պետք է միայն ավարտել, – նկատեց ռուսը:

      – Ուրեմն ավարտել, – հարեց լեհացին:

      – Ամենայն սիրով, համաձայնվեց ընկերը և դառնալով ինձ` ասաց. – սա մի պատմություն է, որ ես սկսել էի դեռ կայարանում, գնացքն այդտեղ հասնելուց առաջ:

      – Հաճությամբ կլսեմ և ես, եթե թույլ կտաք, – հարեցի ես:

      – Օ՛հ, ես այնպես բարձր եմ խոսում, որ ինձ ամենքը կլսեն, նույնիսկ, եթե թույլ չտամ, – ասաց ռուսը ծիծաղելով. – բայց խնդիրն այն է` որ դուք շարունակությունից քիչ բան պիտի հասկանաք:

      – Ինձ բավական է, նույնիսկ վերջաբանը, – ասացի կատակով:

      – Ուրեմն լավ գուշակո՞ղ եք, – հարցրեց խոսակիցս:

      – Նայելով թե` ինչի մասին է պատմությունը:

      – Ինչի՞ մասին կարող է լինել երիտասարդների պատմությունը, իհարկե, սիրո:

      – Է՛հ, սերը միայն մի պատմություն ունի, – նկատեցի ես:

      – Ինչպե՞ս, ուրեմն ես կարող եմ, նույնիսկ, չպատմե՞լ եթե դուք արդեն լսել եք այդպիսի մի պատմություն:

      – Ընդհակառակը, դուք կանգ եք առել հենց վերջի վրա. իսկ սիրո պատմությունները, որքան էլ իրար նման, այսուամենայնիվ, ունենում են հետաքրքրական վերջաբաններ:

      – Բայց, երևակայեցե՛ք, որ իմը չունեցավ այդպիսին:

      – Այսուամենայնիվ, մի վախճան հո ունեցա՞վ, – հարցրեց լեհացին:

      – Այո, վախճանը եղավ այն, – հարեց ռուսը, – որ ծնողները մերժեցին ինձ:

      – Մերժեցի՞ն:

      – Բացեիբաց:

      – Պատճա՞ռը:

      – Շատ պարզ էր. իրենք հարուստ էին և ազնվատոհմ, իսկ ես` աղքատ և ապատոհմիկ: Նրանց աչքում, իհարկե, նշանակություն չուներ այն` որ ես զարգացած ու բարեկիրթ մարդ էի և ապրում էի իմ արդար վաստակով. բայց նշանակություն ուներ այն` որ ես ծառայող էի: էհ, ինչպե՞ս կարող էին Միրովիչների պես մարդիկ կապել իրենց աղջկա բախտը մի աննշան աշխատավոր Սաբորինի հետ: Այսպես մտածեցին նրանք և խնդիրս մերժեցին:

      – Հետո ի՞նչ եղավ:

      – Հետո եղավ այն, ինչ որ չէին կարող սպասել: Օրիորդը բացարձակապես հայտարարեց ծնողներին թե` «որովհետև դուք մերժեցիք իմ ձեռը այն երիտասարդին, որին ես սիրում էի, ուստի ես էլ այսուհետև կմերժեմ բոլոր նրանց, որոնց դուք ինձ համար կառաջարկեք փեսացու և կդատապարտեմ ինձ մշտական կուսության»:

      – Հետո՞:

      – Հետո, էլ ոչինչ. օրիորդը հաստատ մնաց յուր որոշմանը: Նույնիսկ այն օրերը, երբ ես գտնվում էի Վարշավ, նա մերժեց առաջարկությունը երկու այնպիսի անձանց, որոնք հայտնի էին քաղաքում թե իրենց դիրքով և թե հարստությամբ: Երբ նա այդ մասին զեկուցեց ինձ նամակով, ես ապշեցա: Ոչ մի օրիորդ քաջություն չէր ունենալ նման առաջարկություններ մերժելու: Այնուհետև ես հեռացա Վարշավից` ուխտելով` հետևել իմ սիրեցյալի օրինակին:

      – Մնալ միշտ ամուրի՞:

      – Այո … և հոգվով միացած իմ Մարիի հետ:

      – Այդ մեկն իզուր է. քեզ խորհուրդ եմ տալիս, որ հենց այսօրվանից, երթ մենք կմտնենք Վարշավ, ընտրես քեզ համար մի նոր հարսնացու, – ասաց լեհացին ժպտալով:

      – Երբեք, իմ ուխտը հաստատ է այնպես, ինչպես և իմ սիրեցյալինը, – բացականչեց Սաբորինը, ինքն յուր խոսքից ոգևորվելով:

      – Քոնը, գուցե, հաստատ է, բայց սիրեցյալդ կդրժե յուր ուխտին:

      – Անկարելի է: Նրա վերջին նամակը այլևս կասկածելու տեղ չէ թողում: Նա ինձ գրում է թե` որոշել է` ծնողների թախանձանքից ընդմիշտ ազատվելու համար մտնել գթության քույրերի «Սուրբ երրորդության» միաբանական կարգը:

      – Նա այդ չի անիլ:

      – Կանե. նա կամքի տեր աղջիկ է, – պնդեց երիտասարդը ջերմությամբ:

      – Հավատացեք, աշխարհում չկա կամքի տեր աղջիկ և չի կարող լինել. որովհետև աղջկա կամքը գտնվում է միշտ այն տղամարդի ձեռքին, որին նա սիրում է: Իսկ եթե բարեբախտաբար, կամ դժբախտաբար, չէ սիրում ոչ ոքի, ապա նա նմանում է անղեկավար մի նավի, որին քամին տանում է, ուր որ կամենում է: Այդ դեպքում, առաջին պատահած ձեռքը, եթե միայն ուժ ունի, կքաշե նրան յուր ետևից և սա երբեք չի մտածիլ` դեպի խո՞րն է գնում, թե՞ դեպի ժայռերը:

      – Այդպիսի կարծիքները, որքան կամենաք, կարող եք այժմ կարդալ կանանց ազատագրության դեմ խոսող գրքերում: Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ դրանց հեղինակները չեն ճանաչել կանանց այնպես, ինչպես որ պետք է և շատ բան գրել են ավելի կրքից դրդված, քան թե ճշմարտություն ասելու մտքով:

      – Իզուր ես կարծում թե քեզ հետ խոսողը մի հնավաճառ է, – նկատեց լեհացին, – այս անգամ արդեն յուր ձայնին տալով մի զորավոր շեշտ. – իմ կարծիքները ես քաղաքում եմ ոչ թե գրքերից այլ իմ փորձերից:

      – Զարմանում եմ, Յա՛ն, որ դու քեզ ավելի փորձառու ես համարում, – դարձավ Սաբորինն ընկերոջը, – ինստիտուտից արդեն հիշում եմ, որ դու այն ժամանակ փոքր էիր ինձանից երկու տարով:

      Իմ ուղեկիցներն, ուրեմն, ուսանողական ընկերներ էին և այդ էր, անշուշտ, պատճառը որ մի ռուս ու լեհացի բարեկամաբար էին վերաբերվում իրար,


Скачать книгу