Կայծեր Մաս 2. Րաֆֆի
սլանը, այդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց.
– Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը…
– Այդպես պատահեց… – պատասխանեց Ասլանը նույն եղանակով:
– Հուսով եմ, որ սուրբ աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը…
– Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից…
– Ուրա՜խ եմ… – ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության: – Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար:
– Վատ չէր լինի, – ասաց Ասլանը, – միայն ոչ առանց նախաճաշելիքի: Մենք բավական սոված ենք:
– Այդ ինքնըստինքյան հասկանալի է, – ասաց վարպետը ժպտալով և դուրս գնաց ընթրիք պատվիրելու:
Ասլանը ձգվեցավ օթոցի վրա և, բարձի փոխարեն ձախ ձեռքը նեցուկ տալով գլխին, նայում էր առաստաղին, որի մերկ գերանները, հնությունից դեղնելով, ստացել էին մուգ – ծիրանի գույն, իսկ ճանճերը նրանց վրա դրել էին միլիոնավոր սև բծեր: Նա ընկղմված էր մտածությունների մեջ: Առանց մտածությունների չէի և ես: Գալով այդ քաղաքը, թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները: Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ դլուխը, մեջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի:
– Այդ ի՞նչ է, – հարցրի ես:
– Կայծեր են… – պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը:
Բացի կատվից, տանեցիներից ուրիշ ոչ ոք չհայտնվեցավ: Երեխաները, երևի, քնած էին. նրանց ձայնն անգամ չէր լսվում: Իսկ կանայք այդ կողմերում օտար տղամարդի աչքին երևնալու սովորություն չունեին:
Այգեստանը արժանի էր իր կոչմանը: Քաղաքի այդ գեղեցիկ արվարձանը ծառախիտ այգիների բավական ընդարձակ տարածություն է, բաժանված լայն փողոցներով, որոնց աջ և ձախ կողմերում հոսում են առվակներ, հովանավորված ուռենի և բարդի ծառերով: Դրսից տները չեն երևում. ոչ մի լուսամուտ բացված չէ փողոցի վրա, բացի գլխավոր դռնից, որ ներս է տանում դեպի բնակարանը, որ ետևի կողմից միայն նայում է դեպի այգին կամ պարտեզը: Ամեն մի տուն կենտրոնացված է իր մեջ, ապրում է իր նեղ առանձնական կյանքով: Վարպետ Փանոսի տունը նույնպես այդ ձևն ուներ:
Սենյակը, որ որոշված էր մեզ համար, տան երկրորդ հարկումն էր գտնվում: Բավական կոկիկ մի սենյակ էր այդ, երևի միայն հյուրերի համար էր պատրաստված: Տան մեջ որքան գեղեցիկ իրեղեններ կային, իբրև զարդարանք, բոլորը դրված էին այստեղ: Պատուհանների մեջ շարած էին զանազան տեսակ չինական և պարսկական ամաններ, ամենահին Ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին: Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով: Կային և բազմաթիվ նարգիլեներ ու չիբուխներ՝ երկայն ծխաքարշներով` հասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված: Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ ու նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային: Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները: Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ` սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար: Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես թվում էր ինձ, հին դարերի գործ պետք է լինեին: Արդյոք ու՞մ պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թաղավորների, իշխանների պատկերներ լինեին, գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում: Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը: Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրանց գեղեցկությունը: Ես թողնում եմ ուրիշ մանր-մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրան շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով: Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարաններ: Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես. մի երիտասարդ, փղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ. շները շրջապատել էին նրան, բայց ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ. վագրը իր առջևի ճիրաններով պատերազմում էր փղի զորավոր կնճիթի հետ. երիտասարդը իր նիզակի ծայրը սրել էր նրա կողքը: Մի