Դավիթ Բեկ. Րաֆֆի
մեջ վաղեմի քաջազնական ոգու պահպանվելուն: Սովորած լինելով թշնամու մշտական հարձակումներին, ժողովուրդը, երբ չէր կարողանում ընդդիմադրել նրան, թողնում էր դաշտերը կամ տափակ երկրները, պատսպարվում էր անմատչելի տեղերում: Լեռնային բնությունը ներշնչում էր բնակիչների մեջ արիություն և հետևապես ձգտումն դեպի ազատություն:
Ցավալին այն էր, որ հայոց մելիքները մի ընդհանուր կապ չունեին միմյանց հետ: Շահերի տարբերությունը շատ անգամ առիթ էր տալիս նրանց մեջ թշնամական հարաբերությունների: Այս պատճառով նրանց ուժերը չէին միանում, որ կազմեին մի ամբողջություն և պատերազմեին հայրենիքի ընդհանուր թշնամու դեմ: Յուրաքանչյուրը իր գլուխն էր պահում: Եվ եթե հարկը պահանջում էր, նրանցից ամեն մեկը պատրաստ էր միանալ թյուրքերի կամ պարսիկների հետ և ասպատակել իր հարևան հայ մելիքի երկրները:
Մելիքներից ոմանք անկախ դրություն էին պահպանում, իսկ ոմանք ստորադրված էին պարսից խաների իշխանության ներքո: Այս վերջինները իրանց դիրքը չկորցնելու համար ստիպված էին խոնարհվիլ խաների բոլոր պահանջներին, թեև այդ պահանջները լինեին վնաս հայ ժողովրդին, ստիպված էին կատարել նրանց կամքը, որքան և անիրավ լիներ, ստիպված էին դառնալ նրանց ձեռքում բոլորովին անարգ մի գործիք: Եվ որովհետև պարսից շահերը իրավունք ունեին մելիքներին փոխելու, այստեղից առաջ էր գալիս խիստ կեղտոտ մրցություն, որով մելիքները` միմյանց տեղը հափշտակելու մտքով, անձնատուր էին լինում, խաներին հաճոյանալու համար, ամեն տեսակ վատություններ, մատնություններ էին անում, կաշառում էին նրանց ոչ միայն փողով, այլ ոմանք իրանց հարազատ աղջիկներն անգամ տալիս էին խանին: Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել:
Կային ավելի խղճմտավոր և ազդեցություն ունեցող մելիքներ, որոնք ծառայում էին որպես ամուր պատվար հայ ժողովրդի և խանի մեջ. հեռու էին պահում նրա անմիջական ազդեցությունը ժողովրդից և պահպանում էին նրան խանի հարստահարություններից: Մելիքի ձեռքով էր հավաքվում տուրքը և ամեն հարկեր, որ պետք էր վճարել խանին: Մելիքն էր վճռում իր ժողովրդի մեջ ամեն տեսակ դատեր և վեճեր: Եվ որովհետև նույն իսկ խաները իրանց մեջ հաշտ չէին, ստիպված էին մելիքների հետ լավ վարվել, հակառակ դեպքում, մելիքը կարող էր թողնել խանին և իր ժողովրդով անցնել նրա թշնամու` մի ուրիշ խանի կողմը:
Հայաստանի այն մասը, որ այժմ ռուսաց պետությանն է պատկանում, ռուսների տիրելուց առաջ, պարունակում էր իր մեջ զանազան միմյանցից անկախ խանություններ, որոնցից նշանավոր էին` Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի և Նախիջևանի խանությունները: Այդ խանությունները գտնվելով անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ, կռիվը, կողոպուտը, արյունահեղությունը, ավերմունքը երկրի մեջ միշտ անպակաս էին լինում: Խանությունները թեև պարսից պետության մի մասն էին կազմում, և խաները թեև նույն պետության ավատական իշխաններ էին համարվում, բայց շատ անգամ օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից կամ շահերի ստեպ ստեպ փոխվելուց, որից առաջ էր գալիս անիշխանություն, – խաները այդ ժամանակ ապստամբվում էին, և քիչ էր պատահում, որ շահերը կամ նրանց զորապետները տկարանային նվաճելու իրանց վասալներին: Եվ այսպես, ներքին ու արտաքին խռովությունները պահպանում էին իրանց անխզելի կապը:
Եթե ավելացնենք դրանց վրա օսմանցիների արշավանքները, Կովկասի լեռնաբնակների հարձակումները, կտեսնենք, որ Հայաստանը այն ժամանակ ներկայացնում էր մի սարսափելի պատերազմական դաշտ, ուր առավելապես ծեծկվող, փշրվող և մաշվող տարրի էր նույն ազգը, որ մի ժամանակ այդ երկրի տերն էր: Եվ այդ կոտորածների մեջ հայ ժողովուրդը և հայ մելիքները պետք է պահպանեին իրանց գոյությունը…
Բ
1722 թվին լեզգինների ահագին բազմություն, խառն կովկասյան այլ լեռնաբնակների հետ, արշավանք գործեցին դեպի Ավղանից և Սյունյաց երկրները, և ասպատակելով Նուխու, Շամախու, Գանձակա գյուղորայքը, անցան մինչև Սևանա լիճը: Շամախու հայ իշխան Մուսա Բեգյանը կամեցավ արգելել վայրենիների հարձակումը, բայց չկարողանալով դեմ դնել նրանց ահագին բազմությանը, ընկավ կռվի դաշտում: Վայրենիները հափշտակեցին բազմաթիվ գերիներ հայոց աղջիկներից, պատանիներից և մանկահասակ կնիկներից, որպես վաճառք, օտար երկրներում ծախելու համար: Իսկ ծերունիների մեծ մասը կոտորեցին: Տեղային մահմեդականները, օգուտ քաղելով այդ խռովություններից, իրանք էլ մի կողմից սկսեցին կողոպտել հայերին: Երկիրը սարսափի մեջ ընկավ: Ազատվեցան նրանք միայն, որ թողեցին իրանց տունը, տեղը, կայքը և պատսպարվեցան լեռների, անտառների անմատչելի խորշերում: Այդ ժամանակ իր խումբերով վրա հասավ Գուգարացոց (Մեծ Սղնախի) Հովհաննես իշխանը, հավաքեց ցրված հայերին, նրանց սիրտ և խրախույս տվեց, և բավական ուժ կազմելով, հարձակվեցավ լեզգինների վրա: Թեև նրան հաջողվեցավ մաքրել երկիրը այդ ավազակներից, հետ խլել ավարի մի մասը և կրկին ժողովուրդը բնակեցնել իր տեղում, այսուամենայնիվ, լեզգիները թողեցին Ավղանից և Սյունյաց աշխարհներում բարբարոսության սարսափելի հետքեր:
Անցավ տագնապը, անցավ կոտորածը, ժողովուրդը մոռացավ բոլորը: Կրկին սկսվեցավ սովորական վշտալի կյանքը:
Բայց մի երիտասարդ չէր կարող մոռանալ այդ բոլոր գազանային անգթությունները: Նա տեսնում էր այն գեղեցիկ երկիրը, ուր ահռելի ամրոցների փլատակները, ուր հոյակապ վանքերի բեկորները, ուր պալատների փշուրները, ուր ամեն մի լեռ, ամեն մի գետ հիշեցնում էին նրան հայ մարդու վաղեմի փառքը: Իսկ այժմ ի՞նչ էր մնացել: – Մի ստրուկ ժողովուրդ, որը, կարծես, հավիտենական անեծքով դատապարտված, մի լավ օր տեսնելու բախտ չուներ: Նրա վաստակը ձեռքից խլում էին, նրան ամեն կերպ տանջում էին, նա մինչև անգամ իր կնոջ, իր զավակների տերը չէր: Նա տեսնում էր հայ իշխաններին, որոնց պարսիկները մելիքներ էին կոչում, որոնց վրա էր դրված ժողովրդի հոգաբարձությունը, որոնք պետք է սրբեին նրա արտասուքը և դարման տանեին խեղճ գյուղացու դառն ցավերին: Բայց միմյանց հետո անհաշտ,