Կայծեր Մաս 1. Րաֆֆի

Կայծեր Մաս 1 - Րաֆֆի


Скачать книгу
ներգործություն ունեցավ մեր դժբախտության վրա: Այն ժամանակ հայտնվեցավ Հաջի-Բաբան, տիրեց մեր բոլոր կայքերին և մեզ մերկ ու ոտաբոբիկ դուրս արեց հայրենական տնակից: Մայրս բռնելով իմ և քույրերիս ձեռքից, գնաց քեռուս տունը, այնտեղ ապրելու: Միակ ժառանգությունը, որ մնաց մեր հոր հարստությունից, էին` Մըրոն – մեր ահագին շունը և Նազլուն-տատիս մտերիմ կատուն, դրանք չբաժանվեցան մեզանից:

      Բ

      ՀԱՅՐԵՆԻՔ

      Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:

      Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից: Մնացյալ ազգաբնակություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը, – այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում:

      Ամեն դար, սկսյալ խորին հեթանոսական ժամանակներից, թողել էր այդ գավառում իր տիրապետության հետքերը: Այստեղ դեռ տեսնվում էին հին Զարեհավանի հետքերը: Այստեղ ահագին մոխրաբլուրներ դեռ հիշեցնում էին մոգական ատրուշանները և սրբազան կրակի հազարավոր տարիներով լափած նյութերը: Այստեղ բարձր մինարեթներ իրանց գեղեցիկ մոզայիկներով ցույց էին տալիս արաբաբոց տիրապետությունը և հիշատակը այն ազգի, որը ուր և իշխում էր, տարածում էր արհեստ, գիտություն և արյուն: Այստեղ դեռ մնացել էին բեկորները այն ամրոցի, ուր մեծ Հուլավունը պահում էր իր գանձերը: Այստեղ զանազան լեռների և բլուրների բարձրավանդակի վրա դեռ մնում էին փլատակները մեծամեծ բերդերի, որպես փշրանք ավատական իշխանների խորտակված փառքի, որոնք իրանց բռնակալության ներքո ճնշում և խեղդում էին ամեն կենդանի զորություն: – Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր: Պարսպաձև ժայռի հարթած մակերևույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով և նույնպես նախնական զենքերով: Մեկին գերի էին տանում: Նա թագավոր էր: Ոչ մի արձանագրություն չէր ցույց տալիս դրանց ո՛վ և ի՛նչ ժամանակի մարդիկ լինելը: Միայն հայ ժողովրդի մեջ պահված էր մի ցավալի ավանդություն. գերին Արշականյաց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պարսիկների իշխանության ներքո և կորցրեց իր թագավորներին: Կարծես, այդ պատկերը, որպես մշտական նախատինք, իր քարաժայռի բարձրությունից հանդիմանում լիներ հայերին, ասելով. «Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»…

      Եվ իրավ, հայ մարդու գերությունը և ստրկությունը իսկույն նկատվում է այդ երկրում, երբ մարդ փոքր-ինչ խորին կերպով ծանոթանում է ժողովրդի կենցաղավարության հետ: Երկրի արտաքին կերպարանքը խաբուսիկ է, կարող է մինչև անգամ սխալանքի մեջ ձգել անփորձ հետազոտողին: Երբ ջերմ, ամառային օրերում մարդ հեռվից նայում է Սալմաստա պայծառ արեգակի ճառագայթներով լուսավորված հովտին, տեսնում է դաշտերը,


Скачать книгу