ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան
մասին է մտածում:
– Մարդն ուրիշ հոգս չունի, ինչի՞ մասին մտածի, – դառնակսկիծ արտաբերեց Լորաննան: – Աղջիկը՝ Երևանում բարվոք տեղավորված, տղան՝ Մոսկվայում, ինչի՞ մասին պիտի մտածի: Խանութները՝ դատարկ, իսկ իր համար ամեն ինչ պատրաստի բերում են: Աստված ողորմի հոգիդ, Պարույր Սևակ. «Եվ թիվն ասացեք մեր այն ժամերի՝ անթիվ, անհամար, որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին ինչ-որ հերթերի ու երթերի մեջ»: Երեկ կես կիլոգրամ նրբերշիկի համար չորս ժամ հերթ եմ կանգնել:
– Հանրապետությունն ամեն տարի փոխանցիկ դրոշներ ու շքանշաններ է ստանում՝ պլանները գերակատարելու համար, խանութներն ինչո՞ւ են դատարկ, – հեռվից նետեց Սաղումյանը, շարունակելով իր թարգմանությունը:
– Լսիր, Արինա, – դառնալով Արինային, ասացի ես, – դու գիտե՞ս, թե Ցիցերոնն ինչ է ասել քո մասին:
– Իմ մասի՞ն, – ցուցամատը կրծքին տանելով՝ հարցրեց նա: – Ի՞նչ է ասել:
– Ասել է՝ մի խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը… Դու այն ի՞նչ էիր մեկնաբանում. մեռած մարդուն ի՞նչ հեռանկար: Դու խոսում ես՝ հետո՞ մտածում, թե՞ մտածում ես՝ հետո խոսում:
– Պարզաբանիր, չհասկացանք, – աչքերում՝ ծիծաղ, դեմքը՝ ժպիտով ողողված, նա նայում էր ինձ:
– Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:
Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:
– Էլի՞ չհասկացար:
– Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:
– Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:
– Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և … չտեսած մարդկանց մասին:
– Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:
– Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:
– Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, – լուրջ դեմքով ասացի ես, – որ չտպես՝ ինքն էլ չի գրի:
– Չի գրի… Բա գիրքը թողնենք անավա՞րտ, – շվարած ասաց նա:
Լորաննան ծիծաղեց, ասաց.
– Արինա, խնդրում եմ, լռիր, իմ «կրիշկան» էլ է բարձրանում:
– Իսկ ինչ վերաբերում է ռեստորանին, անպայման գնա, – խորհուրդ տվեցի ես, – տղան կնեղանա:
– Տղան կնեղանա¯… Ո՛ւհ, – քիթ-մռութը կնճռոտեց Արինան, – քեզ նման բարեկամի ինչն ասեմ, – և իբր խիստ նեղացած, կրունկներով մանրահատակը ջարդելով, գնաց իր սենյակը:
Զվարթ տրամադրությամբ դուրս եկա միջանցք և քայլեցի դեպի իմ առանձնասենյակը, ինչ-որ տարօրինակ զմայլանքով մտածելով այն մասին, որ հիմա կտեսնեմ Ռենային:
Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.
– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:
Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.
– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:
– Ի՞մ:
– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:
– Գիտե՞ս