Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան
Վերևից, սիրելի Պարոն, մարդու արարքներն են միայն երևում, որոնք կամ գեղեցիկ են, կամ արյան հոտ ունեն: Երևույթների իրական արժեքը գիտի միայն նա, ով ստեղծել է դրանք: Մենք հերոս ենք համարում մարդկանց, ովքեր ամենաավերիչ պատերազմների ժամանակ հազար թշնամի ավելի են ոչնչացրել, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, որ այդ արարքը կարող է ամենևին էլ չգնահատվել նրա կողմից, ով արարել է աշխարհը: Չկա ավելի կործանարար երևույթ, քան համոզմունքը, որ դու աշխարհում որևէ բան ունես: Գալու է ժամանակ, որ վերանալու են և պետությունները, և ազգերն ու լեզուները: Գիտեմ, պիտի ասեք, որ մարդու բնույթն այնպիսին է, որ շատ արագ նորից կառանձնանա, ազգ կստեղծի`յուրահատուկ լեզվով, մշակույթով, պետությամբ: Այո, եթե աշխարհի այդ տեսակ միավորումը տեղի ունենա մեր ժամանակներում, երբ մարդկային գիտակցության մակարդակը դեռ չի հասել իր բարձրությանը, անշուշտ, իմ առաջարկած տեսությունը չի աշխատի: Ես խոսում եմ շատ հեռավոր մի ապագայի մասին, որի մեջ ոչ Ձեզ եմ տեսնում, ոչ ինձ, ոչ էլ նույնիսկ մեր հաջորդներին: Ամեն նոր սերնդի հետ մարդկության գիտակցության մակարդակը մի աստիճանով բարձրանում է, ու դարեր, հազարամյակներ հետո անպատճառ գալու է մի պահ, որ մարդիկ ապրելու են որպես մեկ ամբողջական ազգ, պետություն, լեզվի կրող ու մշակույթ: Հետաքրքրական է, չէ`դեռևս հազարամյակներ առաջ մարդկությունը գոյատևում էր որպես մեկ ընդհանրություն, որովհետև գտնվում էր գիտակցության ամենացածր մակարդակում, իսկ հազարամյակներ կամ գուցե դարեր հետո ապրելու է այդպես` արդեն գիտակցության բարձրությունից դրդված: Մենք բոլորս նույն հոգու տարբեր դրսևորումներն ենք, այլ ոչ թե իրարից անջատ, առանձին հոգիներ: Մարդիկ մի օր կգիտակցեն այդ ու կմիավորվեն…»
Ես լարված հետևում էի Պարոնի դեմքի արտահայտությունների հերթափոխին: Զգացի, որ գրածս ծանրացրեց սիրտը, բայց, բարեբախտաբար, չհասցրեց ոչինչ ասել, որովհետև դասամիջոցի զանգը հնչեց ու սենյակում խառնաշփոթ ստեղծվեց: Արագ հավաքեցի իրերս ու դուրս եկա:
2016 թվական, մարտի 22
Հաղթողը Պարոնի հետ ԱՄՆ է մեկնելու: Նրանք գիշերելու են նույն հյուրանոցում, երեկոները միասին զբոսնելու են Նյու Հեյվենի փողոցներով ու լինելու են նաև իմ երազանքների համալսարանում: Համարյա վստահ եմ, որ այդ երջանիկը ես չեմ լինելու, որովհետև շարադրության թեման հայրենասիրությունն էր, իսկ ես գրածիս մեջ գլոբալիզացիա եմ քարոզել: Այնուամենայնիվ, չեմ վախենում երազել: Բարի գիշեր…
Ժամը 22:25
Երբ հյուրանոց հասանք, պարզվեց, որ մեզ համար երկուսի փոխարեն թյուրիմացաբար մեկ համար են պատվիրել: Ես արտաքուստ անհանգստություն եմ ցույց տալիս, բայց ներքուստ երջանկությունից ինձ կորցրել եմ. միթե ամբողջ երկու օր Պարոնի հետ նույն սենյակում եմ գիշերելու? Իսկ ինչ, եթե ամեն համարում ընդամենը մեկ անկողին է? Անհանգիստ անցուդարձ եմ անում ընդունարանի միջանցքում, բայց միայն ես գիտեմ, որ դա ոչ թե անհանգստությունն է, այլ երջանկության թիթեռնիկները, որոնք շարունակ լողում են ստամոքսիս մեջ ու խլում հավասարակշռությունս:
Երևի երկար այդպես այս ու այն կողմ կանեի, եթե ետևումս չզրնգար Պարոնի ձայնը:
–Ամեն համարում ընդամենը մեկ անկողին է:
–Իսկ եթե այլ հյուրանոց գտնենք? -լեզուս կծեցի ես`փորձելով ձևացնել, որ այդքան էլ չեմ ուզում նրա հետ գիշերել:
–Ժամը