Երկեր եւ վիպակներ. Ատրպետ
ուռմըների հետ խորհրդի, բալնիքներն էլ նրա ընկերների ձեռին են: Արեք երթանք, ճամփեն կխոսինք: Թե՜զ արեք, շտապեցե՜ք, կոտորվեցինք, կրակը տունն առեր, ու բոցավառվում է ողջ ճեմարանը:
– Ահա, տեսա՞ք ձեր ռեիս, մեզ թողիք, գնացիք, հիմի էլ մեր ումուդին մնացիք: Մենք մարդ չունինք, ի՞նչ անենք ինչպե՞ս անենք:
– Վարժապետ, թեզ արեք, մեր քյուլֆաթը հիմա խորովավ, մեր մարդիկը հազիր են, նրանք կանեն, ինչ որ պետք է: Հազար հեղ ասի, – Նազար էֆենդի, Մքո վարժապետ, այդ թուլումբաներից մեկն այնտեղ թողեք, ամմա ո՞վ է լսողը: Ղոջա ճեմարան է, ինչ խանի-խարաբա է, հազար ծակ ունի, մեկ քյունջը չէի՞ք կարող տեղավորել: Նա գնացել է Ենիմեհլեի էն ծայրը, սա Սելամսըզի մեջ, հիմա նեղ փողոցներից մենք ինչպե՞ս անցկացնենք թուլումբաները ու հասնենք մեր քյուլֆաթն ազատենք: Ամմա, մեզ մարդու տեղ դնող չկա, մեր ուսերն են պետք, ոչ թե մենք…
– Ետև էլ կասեն Կոլոտ-Նազարի մարդիկը հանգցրին կրակը, – ասաց Կաղ-Մքոն:
– Աստծո սիրուն, վարժապետ, ես կպոռամ, որ Կաղ – Մքոյի թուլումբաներով, Կաղ-Մքոն մարեց, կրակը: Երթանք, երթանք:
Սկսեցին բոլորը միասին վազել: Բայց մինչև դռների փականքները բաց անելը, մինչև գործիքների տալը, մինչև հորերից ջուր քաշելը` ճեմարանի կրակը սաստկացավ և էլ հանգցնելու հնար չեղավ:
Հին շինություն, ներքին հարկի աղյուսի պատից մինչև կտուրի կղմինդրը շինված էր մարխոտ չամ փայտից, որը չորացել էր և այրվում էր վառոդի նման: Մինչև ս. Խաչ եկեղեցու բակից թուլումբաները փոխադրեցին ճեմարանի բակը, մինչև Գատը-գյուղից իմացան ու օգնության հասան Կարճ-Նազարի մարդիկը, շինությունը մոխիր դարձավ, և միջի բնակիչների մեծ մասը խանձվեցան այդ մոխրի կույտի տակ:
ՄԱՐԴԱՎԱՐԻ ՀԱՑ ՈԻՏԵԼ
– Ազիզ սահաբ, – ասաց վաճառականն իր օտար հյուրին, որը նվիրական Քեր-Բելա քաղաքից դուրս էր եկել իր հետևորդների մեջ շրջագայելու, անձամբ վերստուգելու նրանց կենցաղը, – կյանքումս երբեք աղոթքից ու ծոմից ետ չեմ մնացել, ուխտագնացությունս ինչպես Քյաբե, նույնպես Մեշեդ ու Նեջեֆ կատարել եմ, վաստակիս տասներորդը ամեն տարի հասցրել եմ ուր հարկն է, որ արժանավոր աղքատներին բաժանեն, զավակներիս դաստիարակել եմ ջերմեռանդության ոգով, ինքս երբեք օրինազանցության մեջ չեմ գտնվել, ոչ մի գործով էլ դատավորների դռները ոչ մաշել եմ, ոչ էլ կանչվել, ասա, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ իսկապես մյուսլիմ համարվել, թե դեռ պակասություն ունեմ:
– Ի՞նչ ասեմ, եղբա՛յր, դու ուզում ես մյուսլիմ համարվել, բայց ոչ միայն հավատացյալի պարտականություններից բոլորովին անտեղյակ ես, այլ հավատացյալին վայել հաց ուտել անգամ չգիտես:
Հյուրընկալը ընկավ խոր տխրության մեջ: Նա, որ ամբողջ քսան տարի այդ սահաբի (տեր) միջոցով յուր վաստակի տասներորդը՝ տարեկան 2 – 3 հազար, ցրվել էր կարոտյալներին, որպեսզի ալլահի պատվերը կատարած լինի, հանկարծ այնպիսի տգետ և պակասավոր էր հայտարարվում իր դենպետից, որի արդարադատության և կատարելության մասին ոչ մի կասկած չէր կարող ունենալ: Այս նկատողությունը խոր թախիծի մեջ սուզեց բարեպաշտ հաշուն, և նա ամբողջ քառորդ ժամ չկարողացավ լեցուն բաց անել և երկու խոսքով մի հարց առաջադրել դենպետին:
Երբ մտավոր հույզերից սթափվեց, նորից հարց տվեց հաջին.
– Ազիզ սահաբ, ի՞նչ պակասություն ունիմ, որ ասում եք, թե օրինավոր կերպով հաց ուտել անգամ չգիտեմ:
– Ասա՛, խնդրում եմ, ինչպե՞ս եք սեղան բազմում:
– Նախ հարցնում եմ զավակներիս