Երկեր եւ վիպակներ. Ատրպետ
ապարանքում, այնպես որ աղոթատան նման էր դարձել Ղասըմի համար Միր-Մուրթուզայի թանաբին. ազատ ժամանակ գտնելուն պես գնում, չոքում էր նա բարերարի դիմաց, լսում նրա հրամանները կամ խրատները, պատմում էր նրան անկեղծությամբ իր գլխին պատահած առօրյա արկածները, մի խոսքով սիրտը բացել, դրել էր նրա ոտքերի տակ: Դեռ այդ բավական չէ, Ղասըմը Միր-Մուրթուզայի կալվածների վերաբերյալ բոլոր խորհուրդները ոչ միայն առանց վարձի էր գնում, զննում ու տալիս, քանքանները համարյա թե առանց վարձի էր փորում, դեռ մշակներին տալիս էր սովորական վարձագնի կեսից էլ պակաս և ամեն կերպ աշխատում էր նրա շահերը կարելի եղածին չափ պաշտպանել, իրեն հանձնարարված գործերն ամենաբարեխղճաբար կատարել:
Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով, ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.
– Ապերախտ մի լինիր Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դադող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր:
– Անչափ շնորհապարտ եմ, – միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը, – քու հովանին միայն ինձ փրկեց, քու ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում: Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից:
Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը: Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և ընտանիքը զրկանքների ենթարկած, բոլոր ուժը կենտրոնացրած, արյուն-քրտինքով տանջվում էր ու աշխատում Միր–Մուրթուզայի կալվածներում:
Մինչև անգամ այնքան անբարեխիղճ էր կալվածատերը, որ Ղասըմի ձեռքի տակ բանող գործավորներից ամենահետնյալ մշակի կեսի չափովն էլ չէր մտածում Ղասըմին բավականացնել, այնպես որ խղճալին պարտավորված էր լինում երբեմն-երբեմն կողմնակի կալվածատերերից Պարսկաստանին հատուկ քառասուն-հիսուն տոկոսով փող փոխ առնել ընտանիքը քաղցից փրկելու համար: Եվ եթե այս պարտքի վճարման համար մի երկու օրով ուրիշի կալվածներն էր կարգի բերում, նրանց քանքաններն էր վարել տալիս, Միր-Մուրթուզան նրան կանչել տալով, ասում էր հանդիմանությամբ.
– Երախտամոռ, թողել իմ գործերս, ձգել ես երեսի վրա իմ կալվածներս, գնացել աշխատում ես այն մարդկանց գործերում, որոնք քեզանից երես թեքեցին, երբ դահիճը ձեռքդ էր կտրելու:
– Ախր, աղա ջան, ղուրբան, – ասում էր Ղասըմը հանգստությամբ, – ներեցեք համարձակությանս, մեր տանը ութ-տասը բերան կա, որ առավոտ–իրիկուն հաց են ուզում, դրանց մարմինները ծածկելու համար հագուստ է պետք: Ես ձեր գործերը կարգի դրած միայն հեռանում եմ, այնպես որ իմ բացակայությանս առաջ են տանում գործը բանվորներս և եթե ինձ պետք են ունենում, կանչում են: Իմ գնալովս ոչ միայն գործերիդ վնաս չի հասնում, այլ ես միջոց եմ գտնում ընտանիքիս կարիքները հոգալու և ձեզ այդ նեղությունից ազատելու:
– Էհ, մի արդարանալ, պատճառաբանություններ մի