Առակներ. Մխիթար Գոշ
հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին. և իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք։
Գնացին, ասացին իշխանին՝ քո չարության համար աղոթում է այրին։ Եվ իշխանը եկավ և ասաց.
– Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
Այրի կինն ասաց.
– Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի։
ԻՄԱՍՏՈԻՆ ԶԻՆՎՈՐԸ
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
– Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
– Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՕՁԸ
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան։ Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը։ Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր։
Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը։ Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանոցում։
Եվ անցավ մի ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
– Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան։ Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր։ Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք։
Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.
– Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ։
ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ
Էշին ավետիս տվին, թե.
– Ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց։
Եվ էշն ասաց.
– Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան։
ԱՌՅՈԻԾԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ
Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։
Առյուծն ասաց աղվեսին.
– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։
Աղվեսն ասաց.
– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։
Եվ առյուծն ասաց.
– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։
Աղվեսն ասաց.
– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի