Կայծեր Մաս 1. Րաֆֆի
էին: Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանի առողջությունը վերականգնելու, խեղճը մնաց միշտ խելագար: Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, – ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով: Բայց լինում էին օրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս, նա խիստ քաղցր և Աղջիկը – Սոնան – նույնպես լուռ երեխա էր, և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր: Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ-երկնագույն աչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը` բոլորովին կորցրել էին իրանց կենդանի փայլը: Սոնայի ծամերը նույնպես ավելի մուգ գույն ունեին, քան եղբոր շեկ, մետաքսանման մազերը, և ավելի խիտ էին, քան թե նրանը: Զարմանալին այն էր, որ այդ երկու երեխաներից ոչ մեկը նմանություն չուներ ոչ հոր հետ, որի կերպարանքի մեջ կային մի քանի որոշ մոնգոլական գծեր, և ոչ նման էին մորը, որի դեմքը վախեցնելու չափ տգեղ էր:
Չնայելով, որ տեր Թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից, նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էր կատարում, և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում (էլ չեմ խոսում դպրոցի մասին) – այնուամենայնիվ, նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր: Մի քանի մթին սենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ բակ ցածրիկ շրջապարիսպով, – այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորին տխրության հետ: Դրացիները տեր հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացող բնավորությանը: Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այնպիսի հատկություններ չունենային: Ժլատները նույնպես անապատի մեջ են ապրում, որպես տեր Թոդիկը իր մերկ ճգնարանում: Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամ ծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի…
Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերս պատրաստելու: Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեցկնոջ, կամ տեր հոր պատվերները կատարելով: Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէր հաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ: Քեռուս տան հետ ավելի հարաբերություններ չունեինք. մայրս իր եղբայրներից ոչինչ օժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար: Մեր հույսը մնացել էր մեր բարերարի` որսորդ Ավոյի վրա: Սա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում: Ես դեռ չեմ մոռացել այն խոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ.
– Ֆարհատ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ:
– Դուրս