Կայծեր Մաս 1. Րաֆֆի
կքաղեմ խոտը:
– Դու մենակ չես կարող բոլորը քաղել, դու կհոգնես, – ասում էի նրան:
Նա ժպտում էր և իր հրեշտակային անմեղ բարեսրտությամբ ասում էր ինձ.
– Չէ, կարող եմ, ես չեմ հոգնի: Դու սովորիր, որ հայրս չծեծե քեզ:
Թեև Սոնան շատ էր ցանկանում միշտ օգնել ինձ, որ ես ժամանակ գտնեի դասերս պատրաստելու, բայց չէր կարողանում, որովհետև վերջին օրերում նրան արգելեցին մոտենալ ինձ, և ես այնուհետև միայնակ էի գնում այգուց խոտ քաղելու, և միշտ տխուր էի լինում, երբ նա ինձ հետ չէր:
Այսպես անցուցի ես յոթն բոլորակ տարիներ. – մի խորհրդավոր թիվ, որի մեջ թաքնված են իմ մանկության սկզբնական տանջանքները… Այս յոթն տարվա ընթացքում, ես անցա գիտության բոլոր աստիճանները, այսինքն, սովորեցա այնքան, որքան կարող էր սովորել այն ժամանակ մի բարձր ուսում ստացող աշակերտ: Ես կարդացել էի բոլոր գրքերը, որ հայտնի էին մեր երկրում, – Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան, Հին կտակարան, Նարեկ և մինչև անգամ այն ահագին գիրքը, որ ես փոքր հասակումս դժվարությամբ կարողանում էի վեր առնել: Ես կարողանում էի գրել և գրածս կարդալ, ես գիտեի և մի քանի կանոններ հայոց հին լեզվի քերականությունից: Բայց մի բան, որ չկարողացա ձեռք բերել ես – դա էր վարդապետիս խորին գիտությունը ոգիների և կախարդությունների մասին. այդ գիտությունը վարժապետս պահում էր իր մոտ որպես մի գաղտնիք, որին մասնակից լինելու համար պետք էր տասն-քսան տարի ծառայել նրան:
Նրա դպրոցում աշակերտները երկար տարիներով անշարժ մնում և ծերանում էին: Մորուքավոր, անմորուք, չափահաս, անչափահաս, երեխա և երիտասարդ, բոլորը խառնված էին միմյանց: Տասն տարեկան էի ես, երբ մտա այդ դպրոցը. այն օրից անցել էր ավելի քան տասն և երկու տարի դա փոքր ժամանակ չէ. այժմ ես բոլորովին հասուն պատանի էի: Բայց, չնայելով իմ հասակին, վարժապետս վարվում էր ինձ հետ, որպես մի երեխայի հետ – դարձյալ նույն ֆալախկան, դարձյալ նույն «խրատի» հարվածները ափերիս մեջ, դարձյալ նույն մերկ ոտներով չոքելը աղյուսի կտորտանքի վրա… մի խոսքով, պատիժների թվից ոչինչ չէր պակասել: Բայց զարմանալին այն էր, որ ես այն աստիճան սովորած էի այդ պատիժներին, այն աստիճան մեռած էր իմ մեջ պատվի, հպարտության և անձնասիրության զգացմունքը, որ ես անտրտունջ կերպով համբերում էի բոլորին, որպես էշը, եզը, ձին համբերում են իրանց տիրոջ անգութ հարվածներին: Բայց մի անգամ ընդհակառակը պատահեց:
Մեծ զատկի տոնն էր. աշակերտներից ոչ մեկը չկարողացավ պատրաստել «Դանիելի գիրքը» եկեղեցում կարդալու համար: Այդ գիրքը կարդում էին սովորաբար հարուստների որդիքը և նրանց ծնողները մի նշանակյալ նվեր էին տալիս եկեղեցուն: Իսկ այն տոնին վարժապետը իր աշակերտների հառաջադիմությունը ժողովրդին ցույց տալու համար, պահանջում էր, որ այդ գիրքը կարդային անգիր: Բայց հարուստների որդիների մեջ ո՞րտեղից էր այնքան ընդունակություն, որ կարողանային ամբողջ «Դանիելին» անգիր պատրաստել: Մեծ պասի սկզբից նրանք ամեն օր սերտում էին ու սերտում, բայց հենց որ մոտեցավ զատիկը, վարժապետը որից որ հարցրեց, չկարողացավ կարդալ: Էլ ուրիշ ճար չկար. վարժապետը ստիպված, ինձ հանձնեց պատրաստել «Դանիելին»: Այն օրը մեծ պասի վերջին ավագ ուրբաթ օրն էր – Հիսուս Քրիստոսի խաչելության և չարչարանքի օրը… մի այնքան չարչարանք պետք էր` մի օրվա մեջ «Դանիելին» պատրաստելու համար: Ավագ շաբթի կեսօրին վարժապետը հարցրեց, ես կարողացա կարդալ երեք քառորդ մասը միայն: Գուցե մինչև երեկոյան պատարագի սկսվելը ես կարող կլինեի