Կայծեր Մաս 1. Րաֆֆի
սոխ և ավելի ոչինչ: Տղերքը բոլորել էին այդ նահապետական սեղանի շուրջը, ամեն մեկը իր վերարկուն օթոցի փոխարեն իր տակը ձգած ունենալով: Խորովածը հրացանի սումբաներից, – որ շամփուրի տեղ էին գործածում, – տաք-տաք քաշում էին լավաշների վրա և այնպես արյունաթաթախ ուտում էին: Մի կողմում թավալված էր մի ահագին եղջերու, որից հոշոտում էին խորովածացու միսը: Նրա մոտ պառկած էր գինով լիքը տկճորը: Գավաթի տեղ գործ էին ածում մի մեծ դդումի կտրած կեսը, որի ներսույքը դուրս էին տված: Նույն գավաթից ամենքը խմում էին հերթով:
– Ինձ մոտ, Ֆարհատ, – ասաց Կարոն:
Ես նստեցի նրա մոտ: Այն օրվա բոլոր անցքերը, սկսյալ հայր Թոդիկի բանտից մինչև խորհրդավոր մինարեթը, իրանց ուրախ և տխուր տպավորություններով մինչ այն աստիճան գրգռել էին իմ ջղերը, որ ես ամենևին ախորժակ չունեի մի բան ուտելու, թեև ամբողջ օրը քաղցած էի մնացել: Տասն և երկու բոլորակ տարիներից հետո, սիրելի ընկերներիս հետ կրկին հանդիպելը թեև շատ ուրախալի է ինձ, – բայց այն օրից երբ նրանք անհայտացան, այնքան անհավատալի զրույցներ լսած էի նրանց մասին, որ բոլորովին չէի կարողանում ցրվել հին նախապաշարմունքը: Այդ մանկահասակ, ծպտյալ, կերպարանափոխ եղած փախստականները երևում էին ինձ կասկածավոր մարդիկ, մանավանդ երբ նկատում էի, որ նրանք ևս ոչ բոլորովին հավատարմությամբ վերաբերվում էին դեպ ինձ: Ես տեսնում էի նրանց մեջ մի առանձին ծածկամտություն, խիստ զգուշավոր խորհրդապահություն, որպես թե մի բանից քաշվում էին կամ վախենում էին: Ինչո՞ւ չէին կարող անկեղծ լինել ինձ հետ: Ի՞նչն էր ստիպում նրանց, որ վերադառնալով հեռավոր երկրներից, փոխանակ իրանց բարեկամների և ազգականների մոտ գնալու, նրանք ընտրել էին այդ անմարդաբնակ ավերակները: Չէ՞ որ քաղաքը շատ հեռու չէր այնտեղից, այն քաղաքը, ուր նրանք ծնվել էին, ուր մի քանիսի ծնողները դեռ կենդանի էին: Ինչո՞ւ չուրախացնել կարոտալի ծնողներին, մանավանդ զատկական մեծ տոնի ժամանակ, երբ հայրը, մայրը, գրկելով նրանց, «Քրիստոս հարեավ ի մեռելոցե» – ի փոխարեն պիտի ասեին. – «Մեր որդին կորած էր, գտնը-վեցավ. մեր որդին մեռած էր, կենդանացավ»…
Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այս խոսքերով.
– Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես: Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. – «ա՜խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե»… Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը լսելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ… խա՜… խա՜… խա՜… – Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չե՜ս ուտի…
Նա սկսեց դարձյալ ծիծաղել: Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող: Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը: Բայց իմ ցավը փլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել: Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը. ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.
– Խմի՛ր:
– Այսքանը չեմ կարող խմել, – պատասխանեցի ես հրաժարվելով:
– Խմի՛ր,