Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Կարոն, – չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք…
Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց:
– Թողեք, որ անցնենք, – ասաց Կարոն:
– Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, – ասաց նրանցից մեկը:
– Ոչինչ չեք ստանա, – պատասխանեց Կարոն:
Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան: Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել, նրան տալով իմ զմելին: Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները…
Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության: Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը: Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը: Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և՛ այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց:
– Սպանեցե՛ք… – ձայն տվեցին միմյանց:
– Սկսեցե՛ք… – ասաց մեզ Կարոն:
Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ: Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ: Բայց ես չգիտեմ, ի՛նչ էր պատճառը, որ կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա բարձրացնելու, մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտված – ձեռքը: Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի ո՛ր կողմը և դառնում էր, իր առջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին: Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց: Ասլանը, ասլանի3 ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքը կոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում: Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում: Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով. ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս4, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր: Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ: Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես… Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ի՛նչով էի օգնում ընկերներիս. – ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց:
Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել:
– Դուք էլ քարերով… – ձայն տվեց Կարոն:
Մենք կատարեցինք նրա հրամանը: Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել:
Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի