Խնդուն օրերի թույնը բոսոր. Էդուարդ Գրիգորյան

Խնդուն օրերի թույնը բոսոր - Էդուարդ Գրիգորյան


Скачать книгу
ի՞նչ կարող ես ասել քո արդարացման համար, թե ինչպես էիր դողում թփերո՞ւմ:

      – Իսկ այն, որ առավոտից ձեզ մոտ եմ, կարդում եմ իմ պատմվածքը, հենց ձեզ և ուրիշ ոչ մեկին, դա ոչինչ չի նշանակո՞ւմ:

      – Ես չգիտեմ, թե ինչ է դա նշանակում, – ուսերը թոթվեց նա։

      – Դա նշանակում է, որ ես թքած ունեմ, թե ով` ինչ է մտածում ձեր մասին։ Ինձ ամենևին հետաքրքիր չէ՛, դուք կի՞ն եք սիրում, թե՞ տղամարդ, ես պարզապես ուզում եմ ձեզ ասել, որ ձեր մտավորական կեցվածքը, ձեր հագնելաձևը՝ պարանոցային թաշկինակներն ու երգեցիկ վանկը, հավելումս այն, որ հրաժեշտ տալիս, համբուրում եք բոլոր կանանց ձեռքերն անխտիր՝ արժանի-անարժան, բնութագրվում և կարդացվում է աղճատված, ոչ միանշանակ, և ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ձեզ տեղյակ պահել այդ մասին, որպեսզի խոզերի առջև մարգարիտներ չփռեք այլևս։

      – Դու կարծում ես, որ ես տեղյակ չե՞մ այդ մասին: Դու ենթադրում ես, որ կբացես իմ աչքերը, և ես կդադարեմ պարանոցային թաշկինակներ կրել և համբուրել կանանց ձեռքե՞րը։

      – Ես դա չեմ ասում։

      – Ո՛ չ, խելոքս, դու հենց դա ես ասում։

      – Դժվար է ձեզ հետ, – ասացի ես։

      – Իհարկե, դժվար է, – չարախնդությամբ ժպտաց նա։ – Հեշտ է նրանց՝ այն կենսազանգվածի հետ, որը նման լուրեր է տարածում և խոսում է պարզունակ, միատարր բարբաջանքով:

      – Ծխախոտ ունե՞ս, – մի փոքր անց, հարցրեց նա։

      – Ես չե՛մ ծխում, – պատասխանեցի ես։

      – Իհարկե՛։ «Չե՛մ ծխում», կարող էիր ասել չունեմ, և վերջ։ Այդպես է, հնչած հարցը միշտ երկրորդական է, պատասխանում կարևորը ինքնագովերգումն է։ Փող ունե՞ս։

      – Ունե՛մ։

      – Փա՜ռք Աստծո։ Ինձ տասնհինգ կոպեկ տուր, կվերադարձնե՛մ, երկու օրից կենսաթոշակս եմ ստանալու։

      Ինձ նրա տասնհինգ կոպեկը հարկավոր չէր, բայց նման բան ասել, նշանակում էր նոր պատերազմ։

      – Գնացի՛նք, – ասաց նա։

      – Ո՞ւր, – չհասկացա ես։

      – Գնացինք։ Հիմա կտեսնես, թե տասնհինգ կոպեկով ինչպե՞ս եմ կարողանում վաթսուն կոպեկանոց ծխախոտ ստանալ։

      – Ինչպե՞ս, – հարցրի ես։

      – Կտեսնե՛ս։

      Մենք դուրս եկանք փողոց։ Առավոտից անձրև էր մաղում՝ ոչ այն անձրևներից, որոնք ստիպում են անհապաղ վազել և շտապ կերպով որևէ թաքստոց կամ ծածկ գտնել գլխավերևում՝ ծայրահեղ դեպքում հովանոց ծածանել, թեև իմ բնակելի միջավայրում, մենակ տղամարդը` հովանոցով, առանց կնոջ, որի առկայությունը տղամարդուն թույլ է տալիս ձեռքում հովանոց պահել՝ բացառապես տիկնոջ գլխին, կամ հովանոցի թույլատրելի չափսերի դեպքում՝ նաև լինել համատեղ ընդհանուր ծածկի տակ, և ոչ մի դեպքում այլ կերպ՝ դա վատաբարո, անվայելուչ տեսարան է։ Այս կողմերում մարդիկ ծնվում և մահանում են իրենց նախապաշարմունքներով և սնահավատությամբ, իրենց պատվի և արժանապատվության օրենսգրքով, որը ոչ մի տեղ գրված չէ, բայց հայտնի է ծննդյան օրից ի վեր, և անհետանում, թողնում է քեզ լիովին, երբ ազատվում ես այդ համընդհանուր օրգանիզմից, նույնաձև, ինչպես երամի յուրաքանչյուր թռչուն, որը միայնակ՝ երամից զատ, երբեք չգիտի չուի ճանապարհը։

      Դիմացի կինոթատրոնի նախասրահում, ավտոմատ խաղեր էին տեղակայված։ Կինոթատրոնում ինչ-որ արևմտյան ֆիլմ էին ցուցադրում, և հոծ բազմությունը` խռնված տոմսարկղերի առջև, գոռում-գոչյուններով և ձեռքից ձեռք թռցնելով կանաչ տոմսակները, անխնա իրար հրում-հրմշտում


Скачать книгу